Հայաստանի ազատագրության պայքարի աշխուժացումը

Օսմանյան պետության և Վենետիկի հանրապետության միջև 1645 թվականին սկսված պատերազմը և թուրքերի հնարավոր պարտությունը օսմանյան լուծը թոթափելու հույսեր արթնացրեց թուրքահպատակ ժողովուրդների մոտ:

Պատերազմում Վենետիկի դաշնակիցները՝ Հռոմի պապական աթոռը և Ֆրանսիան, ջանքեր էին գործադրում համախմբելու օսմանահպատակ ժողովուրդներին՝ հանդես գալու թուրքական լծի դեմ: Հայազգի գործիչները ևս կոչեր էին ուղղում Հռոմի պապին ու Ֆրանսիայի թագավորին՝ ուժեղացնելու Օսմանյան կայսրության դեմ պայքարը: Այդ առումով կարևոր է Հայոց կաթողիկոսի 1663թ. գրած նամակը Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորին:

Կաթողիկոսը նամակներ էր գրել նաև Հռոմի պապին ու Վենետիկ և անգամ այցելել պատերազմի դաշտ ու բանակցություններ վարել վենետիկյան բանակի հրամանատարի հետ:

Հայ առևտրական բուրժուազիայի ներկայացուցիչները մասնակցություն էին ունենում հակաթուրքական պայքարի կազմակերպման մեջ: Մոտ երկու տասնամյակ ազատագրական շարժման ծրագրերի մասնակիցներից էր բաղիշեցի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատը: Նա 1666թ. Փարիզ էր ժամանել և ֆրանսիական արքունիքին հավաստիացրել, թե հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ: Նման առաջարկներով նա դիմել էր Լյուդովիկոս XIV-ին և ապա հայկական պատվիրակության կազմում կրկին ժամանել Փարիզ՝ բանակցությունները շարունակելու համար: Պատվիրակության կազմում էր նաև Հովհաննես Թութունջի վարդապետը, որ նախկինում եղել էր Աղթամարի կաթողիկոս: Ապա նա ճանապարհվել էր Եթովպիա՝ այդ երկիրը ևս ընդգրկելու հակաթուրքական պայքարի դաշինքի մեջ:

Հայազգի գործիչները զանազան միջոցների էին դիմում արևմուտքին համոզելու հակաթուրքական գործողությունների դիմելու: Նման փորձերից էր Արիստակես վարդապետի դիմումը Հռոմի պապին, որտեղ նա առաջարկում էր իր ծառայությունները՝ ստեղծելու և փորձարկելու զենքի նոր տեսակ, որը սովորել էր Չինաստանում: Նա հավաստում էր, թե այդ զենքի դեմ «ոչ բերդ, ոչ սար, ոչ ձոր, ոչ ծով, ոչ ցամաք, ոչ բազմություն զորքերի և զինվորների իմ գիտացած բանի հնարքին դեմ չի կարեր կենալ»:

Քաղաքական իրադրության փոփոխությունները նպաստավոր չեղան նման ծրագրերի իրականացման համար: Ֆրանսիան շուտով ստանձնեց Թուրքիային հովանավորելու քաղաքականություն: Հայ քաղաքական ուժերը ստիպված էին ապավինել հակաթուրքական նոր ուժերի՝ Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի ու Լեհաստանի համագործակցությանը: Թուրքիայի հարձակողական արշավանքները դեպի Հունգարիա և Ավստրիա ոտքի հանեցին նաև տեղի հայ գործիչներին: Նրանք զենքով ու հետախուզական ծառայություններով իրենց նպաստն էին բերում Վիեննայի և Բուդապեշտի պաշտպանություններին:

Оставьте комментарий